ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Լուրջ փորձություն Թրամփի տնտեսական քաղաքականության համար

Լուրջ փորձություն Թրամփի տնտեսական քաղաքականության համար
26.04.2025 | 11:12

Ներկայում, Թրամփի տնտեսական քաղաքականության հետ կապված, ամբողջ աշխարհին հետաքրքրող ամենակարևոր պրոբլեմը նման քաղաքականության կենսունակությունը ստուգելն է և, առաջին հերթին, այդ քաղաքականության կենտրոնական գաղափարի, այն է՝ արդյունաբերությունը ԱՄՆ վերադարձնելու հետևանքների կանխատեսումը։

Այս կապակցությամբ պետք է նշել, որ տարբեր տեսակի բիզնեսները ԱՄՆ-ից դուրս բերելն ու աշխարհով մեկ ցրելը կապված է եղել այլ երկրների էժան աշխատուժը օգտագործելով շատ ավելի մեծ շահույթ ստանալու հետ, քան թե դա հնարավոր էր ամերիկյան բարձր աշխատավարձերի ու մարդկանց բարձր կենսամակարդակի պայմաններում։

Բայց նման քաղաքականությունը ամերիկյան պետության համար ունեցավ տարբեր բնույթի բացասական հետևանքներ, որոնցից առաջինը բարձրորակ աշխատատեղերի թվի կտրուկ կրճատումն էր, իսկ երկրորդը՝ նորագույն տեխնոլոգիաների դուրս հանելը երկրից։

Տեխնոլոգիաներ, որոնց մշակման համար պահանջվել են երկար տարիներ և ահռելի ներդրումներ, և որոնք մի քանի տարում դառնում են ուրիշների սեփականությունը։

Սա մի պրոցես է, որը ավելի է հարստացնում վերպետական կապիտալը և թուլացնում է պետականությունը, որն էլ նրանց միջև շահերի հակասության շատ լուրջ աղբյուր է։

Աշխատատեղերի ու տեխնոլոգիաների արտահոսքը նաև բերում է որակապես այլ հետևանքների, որոնցից հիմնականները ուրիշ երկրներում արդյունաբերության, կրթության և գիտության զարգացումն է և, առաջին հերթին, Չինաստանում, որը դրա շնորհիվ տարձավ աշխարհի ֆաբրիկան ու, որպես դրա անմիջական հետևանք, մրցակից գերտերություն։

Բայց նման դեպքը ԱՄՆ-ի պատմության մեջ առաջինը չէր, քանի որ անցյալ դարի երեսնական թվերին ԱՄՆ-ը ծանր արդյունաբերություն էր ստեղծել նաև ԽՍՀՄ-ի համար, որը ճակատագրական նշանակություն ունեցավ երկրորդ աշխարհամարտում, առանց որի Խորհրդային Միության հաղթանակը կասկածելի կլիներ։

Այսինքն, տեխնոլոգիաների արտահոսքը և՛ ԽՍՀՄ-ի դեպքում, և՛ ներկայում Չինաստանի դեպքում, իրենց մասշտաբներով աշխարհի պատմության վրա ազդող խոշոր երևույթներ են։

Բացի դրանից, շատ կարևոր է արդյունաբերությունը ԱՄՆ վերադարձնելու դեպքում դրա գլոբալ մրցունակության հարցը՝ տեղում աշխատավարձերի բարձր լինելու հետ կապված։

Այստեղ ակնհայտ է պետական շահի և կյանքի բարձր ստանդարտների միջև եղած հակասությունը, որը Թրամփի տնտեսական քաղաքականության համար, այլ պրոբլեմների հետ միասին, կարող է դառնալ շատ լուրջ փորձություն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ